Սեպտեմբերի 27-ից մինչ այսօր Էջմիածնի քաղաքային իշխանությունն իր ողջ ռեսուրսներով լծվել է Հայրենիքի պաշտպանությանն ուղղված եւ ռազմական դրությունից բխող անհրաժեշտ գործողություններին՝ թիկունքում աշխատելով համախմբված եւ կազմակերպված: Այս հրապարակմամբ ամփոփ կներկայացնենք կատարված աշխատանքը: Արցախին ու Պաշտպանության բանակին աջակցելու նպատակով Էջմիածնի քաղաքապետարանում սեպտեմբերի 28-ից ձեւավորվել է օպերատիվ արձագանքման շտաբ՝ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով, որը զբաղվել է Արցախից եկած քաղաքացիների գրանցմամբ եւ աջակցությամբ: Էջմիածնում մինչ օրս գրանցվել է 2065 արցախցի: Էջմիածնի քաղաքապետարանում հավաքագրվել են անհրաժեշտ պարեն եւ պարագաներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված: Քաղաքապետարանն օպերատիվորեն կազմակերպել է ապրանքների տեղափոխումն Արցախ։ Պատերազմի օրերին Արցախ է ուղեւորվել անհրաժեշտ պարենով եւ իրերով բեռնված 37 բեռնատար: Պատերազմի օրերին, ներքին տեղաշարժը հաշված, մեր քաղաքում ապաստանել են մոտ 1700 արցախցի՝ ավելի քան 250 ընտանիք: Այս ընթացքում Կառավարության, անհատների, գործարար-բարերարների եւ կազմակերպությունների օգնությամբ կարողացել ենք այս ընտանիքներին ապահովել սնունդով, անհրաժեշտ հագուստով, հիգիենայի պարագաներով եւ այլ անհրաժեշտ իրերով: Մեծ մասին ապահովել ենք նաեւ կացարանով: Սննդի մատակարարումը Էջմիածնում ապաստանած ընտանիքներին կատարվում է 10 օրվա պարբերականությամբ: Էջմիածնի քաղաքապետարանը կազմակերպել է Արցախ վերադառնալու ցանկություն հայտնած ընտանիքներին անվճար ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտ ուղեւորելու գործընթաց: Մինչ այս պահը Էջմիածնից Ստեփանակերտ է ուղեւորվել շուրջ 300 արցախցի: Էջմիածնի քաղաքապետարանի Եղ. Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցի, Արմֆայթինգ Էջմիածին մարզական ակումբի եւ Համլետ Պատուրյանի անվան մարզադպրոցի սաները կազմակերպել են բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ՝ 1․530․201 (Մեկ միլիոն հինգ հարյուր երեսուն հազար երկու հարյուր) դրամ հասույթը փոխանցվել է Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք արշավին: Էջմիածին համայնքի կողմից Պաշտպանության բանակին է նվիրաբերվել 2012 թվականի արտադրության UAZ HUNTER ամենագնաց եւ երկու Վիլիս մակնիշի մեքենա, որոնք ձեռք էին բերվել էջմիածնեցի գործարար Մանվել Հովհաննիսյանի միջոցներով: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր անհատներին, կազմակերպություններին եւ հաստատություններին, որոնք այս օրերին Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցելով զինված ուժերի եւ արցախցիների կարիքների համար նվիրաբերել են տարբեր իրեր, սննդամթերք, դեղորայք եւ հիգիենայի պարագաներ:
Ավելացնել մեկնաբանություն