Էջմիածին քաղաքի դրոշը պատկերային, գունային համակցությամբ նշան է: Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է քաղաքի կաթողիկոսանիստ լինելը: Ուղղանկյուն պատկերի դեղին գույնի ֆոնի մեջ մանուշակագույնով, կենտրոնից քիչ ձախ շեղումով պատկերված է խաչ, իսկ վերջինիս մեջտեղում զետեղված է շերտավոր, շրջանաձև, եզրը նարնջագույն ներկված զինանշանը:
Էջմիածին քաղաքի զինանշանը պատկերային, գունային համակցությամբ նշան է: Առաջին շերտում՝ մոխրագույն երանգի վրա, պատկերված են դեղին գույնով ներկված խաղողի վազեր: Խաղողի վազերը շրջանի վերևի մասում ընդհատվում են շրջանից դուրս եկած, դեղին գույնով պատկերված, շագանակագույն գծանշումներով ամրոցով:
Դարեր շարունակ մեր թագավորների երդմնակալության արարողությունն ունեցել է իր խորհրդանիշերը: Քանի որ մեր քաղաքի պատմությունը գալիս է դարերի խորքից եւ քաղաքն արդեն ունի իր զինանշանն ու դրոշը, վերականգնելով ավանդույթները, այն ունեցավ նաեւ խորհրդանշական լանջաշղթա, որը նոր էջ բացեց մեր քաղաքի պատմության մեջ: