Էջմիածին քաղաքի դրոշը պատկերային, գունային համակցությամբ նշան է: Դրոշի դեղին գույնը՝ ծիրանագույնը, խորհրդանշում է արքայական ծիրանին, քանի որ Էջմիածինը եղել է արքայանիստ քաղաք, իսկ մանուշակագույնը խորհրդանշում է քաղաքի կաթողիկոսանիստ լինելը: Ուղղանկյուն պատկերի դեղին գույնի ֆոնի մեջ մանուշակագույնով, կենտրոնից քիչ ձախ շեղումով պատկերված է խաչ, իսկ վերջինիս մեջտեղում զետեղված է շերտավոր, շրջանաձև, եզրը նարնջագույն ներկված զինանշանը: Առաջին շերտում՝ մոխրագույն երանգի վրա, պատկերված են դեղին գույնով ներկված խաղողի վազեր: Խաղողի վազերը շրջանի վերևի մասում ընդհատվում են շրջանից դուրս եկած, դեղին գույնով պատկերված, շագանակագույն գծանշումներով ամրոցով: Երկրորդ շերտը առաջինից անջատվում է նարնջագույնով եզրագծված կապույտ շրջանակով, որի մեջ՝ վերևի մասում, նարնջագույն երանգով գրված է հայերեն մեծատառերով “ԷՋՄԻԱԾԻՆ” բառը: Դրան ուղղահայաց ներքև և կենտրոնից հորիզոնական աջ և ձախ հինգ ոսկեգույն վանդակների միջոցով երեք խաչաձև պատկերներ են: Երրորդ դեղին շերտը, որն առանձնացված է երկրորդից նարնջագույն բարակ եզրագծով, իր մեջ ներառում է նարնջագույնով եզրագծված կապույտ խաչ, որին հաջորդում է նարնջագույնով եզրագծված կիսաշրջանակներով արտահայտված երկրորդ մանուշակագույն խաչը՝ եզրերում՝ նարնջագույնով գծանշված արծաթագույն երանգով չորս պահապան հրեշտակապետեր: Չորրորդ շերտը կրկին նարնջագույն եզրագծերով մոխրագույն, շրջանաձև պատկեր է, որին հաջորդում է զինանշանի կենտրոնը՝ կապույտ գույնի մեջ ոսկեգույնով պատկերված հայերեն մեծատառ, նախշազարդ “Է” տառը, որը խորհրդանշում է «Էջմիածին», «Էություն»:
Ավելացնել մեկնաբանություն