Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի իջմամբ և կառուցվել Սբ. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից: Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է, ուր յուրաքանչյուր հավատացյալ հայորդի անպարփակ սիրով ու աղոթքով է ոտք դնում:
Էջմիածին քաղաքի արևելյան մասում` Երևան տանող խճուղու ձախ կողմում իր վեհաշուք տեսքով վեր է խոյանում հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Սբ. Հռիփսիմե վանքը: Սբ. Հռիփսիմե վանքը վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է և հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը:
Էջմիածին քաղաքի հարավային կողմում, Սբ. Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում է գտնվում Սբ. Գայանե վանքը: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301-ին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395-ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սբ. Գայանեի վկայարանը:
Սբ. Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է: Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Այն Էջմիածնի ճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694թ-ին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե վանքի արևմտյան մասում: Ըստ ավանդույթի հիմնադրվել է այն վայրում, ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»:
Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնական մասում: Այն կառուցվել է 1767 թվականին երջանկահիշատակ Տ.Տ. Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք: Եկեղեցին սկզբնապես եղել է փայտաշեն: Սիմեոն Կաթողիկոս Երևանցին ժամանակի հավատացյալների ամենօրյա հոգևոր պահանջները բավարարելու համար, Մայր Աթոռի շրջապատը որոշելուց առաջ, վանքից որոշ հողային տարածություն անջատելով, գյուղի հյուսիսային կողմում կառուցում է մի եկեղեցի` Սբ.Աստվածածին անունով և պարսպապատում այն: