Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ

Ավելացվել է: 1-03-2012, 10:43 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 2245 |
ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ
Էջմիածին քաղաքի հարավային կողմում, Սբ. Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում է գտնվում Սբ. Գայանե վանքը: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301-ին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395-ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սբ. Գայանեի վկայարանը: 630-ին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Ս. Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Սբ. Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու` հարավ-արևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը:
XVII դ. եկեղեցին եղել է կիսավեր ու լքված: XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Սբ. Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել: Փիլիպոս Ա Աղբակեցին 1652-ին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը: Միաժամանակ Սբ. Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հվ. պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն: 1688-ին Եղիազար Ա Այնթապցին կառուցել է վանքի միաբանության շենքերը, պարիսպը, Սբ. Գայանե եկեղեցուն արևմտյան կողմից կցել եռակամար գավիթ սրահ, նրա հվ. և հս. ծայրերին պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ շինել: Գավիթ-սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն: 1764-ին Սիմեոն Ա Երևանցին Էջմիածնի Սբ. Գայանե վանքի տարածքում կառուցել է ստորգետնյա խոշոր սառցատուն` վանքի մթերքները պահելու համար: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու գահակալության տարիներին (1866–82) Էջմիածնի Սբ. Գայանե վանքի վանահայր Վահան Բաստամյանցը նորոգել է վանքը, կառուցել արմ. կամարակապ դարպասը, վանահոր և միաբանների բնակելի շենքերը, դպրոց, որտեղ ինքը դասավանդել է, հիմնել է տպարան և հրատարակել «Դպրոց» ամսագիրը: 1910-ին Նոր Նախիջևանի հայ համայնքը սև գրանիտից տապանաքար է բերել Սբ. Գայանեի գերեզմանի համար: 1959-ին Էջմիածնի Սբ. Գայանե վանքը նորոգվել է, եկեղեցու ներսը մաքրվել է սվաղից, հատակը սալարկվել, տարածքը բարեկարգվել, բակում կառուցվել է մատաղատուն, աղբյուր (ճարտ.` Ռ. Իսրայելյան): 1960-ին վանքի տարածքում Մայր աթոռի` 1920-ից հետո թաղված միաբանների գերեզմանների վրա դրվել են մարմարե սալիկներով տապանաքարեր: 1976-ին Սբ. Գայանե եկեղեցու շուրջը դարերի ընթացքում կուտակված լիցքը հեռացվել է, պատերի մեջ շաղախ է ներարկվել, և քայքայված քարերը փոխարինվել են նորերով: 1977–80-ին լոնդոնահայ Հարություն Մութաֆյանի բարերարությամբ, վանքի միաբանության շենքերը նորոգվել են և օժտվել ժամանակակից հարմարություններով, քարե սալերով ծածկվել եկեղեցու տանիքը և գմբեթը: Էջմիածնի Սբ. Գայանե վանքի գավթում են ամփոփված Եղիազար Ա Այնթապցի, Աբրահամ Բ Խոշաբեցի, Ղազար Ա Ջահկեցի, Մինաս Ա Ակներցի, Հակոբ Ե Շամախեցի, Սիմեոն Ա Երևանցի, Ղուկաս Ա Կարնեցի, Դավիթ Ե Էնեգեթցի, Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսները, իսկ վանքի շուրջը` բազմաթիվ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, վանահայրեր, Մայր Աթոռի բարերարներ, իշխաններ և նշանավոր այլ անձինք:



ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ

ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ









ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ









Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: