Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ավելացվել է: 28-02-2012, 11:00 | Հեղինակ: Admin | Դիտումներ: 987 |
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՍ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնական մասում: Այն կառուցվել է 1767 թվականին երջանկահիշատակ Տ.Տ. Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք: Եկեղեցին սկզբնապես եղել է փայտաշեն: Սիմեոն Կաթողիկոս Երևանցին ժամանակի հավատացյալների ամենօրյա հոգևոր պահանջները բավարարելու համար Մայր Աթոռի շրջապատը որոշելուց առաջ վանքից որոշ հողային տարածություն անջատելով՝ գյուղի հյուսիսային կողմում կառուցում է մի եկեղեցի` Ս.Աստվածածին անունով և պարսպապատում այն:
Եկեղեցու կառուցման ճշգրիտ թվականի մասին կա մի քարե արձանագրություն, որը, ըստ վկայության, Սիմեոն Կաթողիկոսն գրել է տվել Ավագ Սեղանի նորոգության ժամանակ և զետեղել է եկեղեցու ներսի պատերից մեկում: Եկեղեցին նախապես կառուցվել է փայտակերտ, որն անշուշտ չէր կարող երկար դիմանալ ժամանակի քայքայիչ ազդեցություններին: Ուստի, ըստ ներքոհիշյալ վկայության, եկեղեցու փայտակերտ կառուցումից մեկ դար հետո ոմանց կողմից այն փոխարինվել է քարակերտ կառույցի:
Եկեղեցու շրջապատում եղել է մի վարժարան:
Եկեղեցին ունի բազիլիկ ձև, երկարավուն տանիքով, որն ընդունված է հայկական ճարտարապետության մեջ: Զանգակատուն չի ունեցել: Զանգերը ժամերգությունների և Սուրբ Պատարագի ժամանակ ղողանջել են հատուկ պատրաստված գմբեթաձև մի երկաթյա սարքից, որից կախված են եղել երկու զանգեր: Այն տեղադրված է եղել տանիքի վրա և եկեղեցու վերանորոգության ժամանակ հանվել:
Եկեղեցու արտաքին մասում, պատերի մեջ, տեղադրվել են մի քանի հայկական խաչքարեր` քանդակված նույն ժամանակաշրջանում:
Ս.Աստվածածին եկեղեցին ունեցել է շատ հովիվներ, որոնք իրենց հոգևոր ծառայությունն են բերել հավատացյալ ժողովրդին: Դրանցից առավել հիշատակելի է 1947-ին Պարսկաստանից մայր հայրենիք ներգաղթած Տ. Քերովբե Ավագ Քահանա Շահբազյանը, որն իր ժամանակին մեծամեծ դժվարություններ հաղթահարելով, նույնիսկ անձնական զրկանքներ կրելով, կարողացել է հասցնել մի արժանի հոգևոր սերունդ. այդ պատանիներից շատերը հետագայում դարձան ազնիվ և նվիրված հոգևոր սպասավորներ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (1 եպիսկոպոս և 5 քահանա):
Ս.Աստվածածին եկեղեցին իր ծաղկուն շրջանն ապրեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ.Տ. Վազգեն Ա շնորհազարդ Հայրապետի գահակալության շրջանում: Հայոց Հայրապետը, որ մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի պատմական վանքերի և եկեղեցիների վերանորոգությանը, իր հայացքը սևեռեց նաև Էջմիածին քաղաքում գտնվող Ս.Աստվածածին եկեղեցու վրա: Եկեղեցում հիմնական վերանորոգությունը սկսվեց 1986 թվականին, երբ Հայոց Հայրապետի կարգադրությամբ եկեղեցու պատասխանատու և ապա` վանահայր նշանակվեց Տ.Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը, որն երջանկահիշատակ Տ.Քերովբե Ավագ Քահանայի սաներից էր:
Անցան տարիներ և եկեղեցին նորոգվեց թե դրսից և թե ներսից: Կառուցվեց մի նոր Ավագ Սեղան ֆելզիտ քարից` նախկին աղյուսե սեղանի փոխարեն: Մաքրվեցին ներսի պատերի բոլոր ծեփերը, և երևաց գեղեցիկ շարված քարը: Երեսպատվեցին 12 թաղերը, որոնք այնքան էլ լավ վիճակ չունեին: Փոխվեց սալահատակը, զետեղվեցին գեղեցիկ բյուրեղապակյա երեք ջահեր և նոր սրբապատկերներ: Նորոգվեց մկրտության ավազանը, որի կենտրոնում զետեղվեց մի մարմարյա քանդակազարդ խաչ: Տուֆ քարով երեսպատվեցին երկու խորանները: Փոխվեցին եկեղեցու փայտյա երեք դռները և քանդակներով զարդարվեցին: Պատրաստվեցին նոր գեղեցիկ քանդակազարդ մոմակալներ և այլն:
Այսօր եկեղեցում ծառայում են 4 քահանաներ` Տ. Եղիշե ավագ քահանա Բաղրամյան, Տ. Արտակ ավագ քահանա Սիմոնյան, Տ. Եղիշե քահանա Կարսյան, Տ. Մկրտիչ քահանա Մուշադյան:
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: