Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2017

Ավելացվել է: 28-02-2018, 08:18 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 461 |
Հարգելի՛ էջմիածնեցիներ, քաղաքի հյուրեր, գործընկերներ, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ.
Անդավաճան իմ սկզբունքին՝ հերթական անգամ բաց, հրապարակային հաշվետվությամբ հանրությանը ներկայացնում եմ քաղաքապետարանի մեկ տարվա կատարած աշխատանքները: Հպարտությամբ եմ նշում, որ քաղաքապետարանը 2017-ի համար նախատեսված բոլոր աշխատանքները կատարել` եւ որոշակիորեն գերակատարել է տարեկան պլանը։
Անցնեմ փաստական տվյալներին։
2017 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,6 տոկոսով՝ նախատեսված 1 մլրդ 365 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1 մլրդ 428 մլն դրամ: Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով պլանային առաջադրանքը եւս կատարվել է 104,6 տոկոսով:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Բյուջեի կատարման եւ գերակատարման մեջ մեծ է տարիներ շարունակ քաղաքապետարանի կողմից տարվող հարկատուներին խրախուսելու քաղաքականության դերը: Այդ իսկ պատճառով, հաշվետու տարում եւս շարունակել ենք հարկատուներին խրախուսելու քաղաքականությունը:
Մասնավորապես, Էջմիածին քաղաքի թվով 2756 հարկատուների տրամադրվել է գույքահարկի գծով՝ 19 մլն 641 հազար դրամի, հողի հարկի գծով՝ թվով 1028 հարկատուի` 8 մլն 638 հազար դրամի հարկային արտոնություն։
Հողի հարկի եւ գույքահարկի արտոնություն տրվել է նաեւ 34 զոհված ազատամարտիկի ընտանիքի` 197 հազար 800 դրամի չափով եւ Հայրենական մեծ պատերազմի թվով 4 վետերանների` 41 400 դրամի չափով։ Հողի հարկի գծով 908 հազար դրամի 100 % արտոնություն էլ տվել ենք կարկուտից վնասված ցանքատարածքների 39 հողատերերի։ Շարունակելով արտոնությունների թեման`
Էջմիածնի մանկապարտեզներ հաճախող թվով 1214 երեխաներից 159-ը օգտվել են վարձի արտոնությունից: Մեկ երեխայի վրա ամսական միջինը ծախսվում է 19,723 դրամ, սակայն, քաղաքային ավագանու որոշմամբ, մեկ երեխայի խնամքի համար գանձվող գումարի չափ է սահմանված ամսական 7000դրամ: Միեւնույն ժամանակ, զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ երկկողմ ծնողազուրկ երեխաների ուսման վարձի գծով սահմանված է 100% արտոնություն: 71,43% արտոնություն էլ սահմանել ենք վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների եւ միակողմանի ծնողազուրկ երեխաների համար. նրանք վճարում են 2000 դրամ: Այսինքն, ստացվում է, որ մանկապարտեզ հաճախող մեկ երեխայի միջին ծնող միջոցը կազմում է 5925 դրամ, մնացյալ 13.828 դրամը հատկացվում է համայնքի կողմից: Այսպիսով` երեխաների խնամքի համար ծախսվող գումարի 30%-ը մուծվում է ծնողների կողմից, իսկ 70%-ը հատկացնում է համայնքը:
Երաժշտական եւ գեղարվեստի դպրոցներում սովորող թվով 759 երեխաներից վարձի արտոնությունից օգտվել են 79-ը:
Օրինակ, դաշնամուրային բաժնում սովորողների ամսական վարձը կազմում է 6500դրամ: Ավագանու որոշմամբ զոհված ազատամարտիկների եւ երկկողմ ծնողազուրկ երեխաների ուսման վարձերի գծով սահմանվել է 100%: Վիրավոր ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների եւ միակողմանի ծնողազուրկ երեխաների համար սահմանվել է 50% արտոնություն: Այս արտոնությունից օգտվողներից գանձվում է 3200 դրամ ուսման վարձ: Սրան զուգահեռ, ազգային նվագարանների հանդեպ հետաքրքությունը մեծացնելու նպատակով,
պետությունը ազգային նվագարանների գծով փոխհատուցում է թվով 21 սովորողի ուսման ծախսերը սուբվենցիայի տեսքով` 5.6 մլն. դրամ գումարի չափով: Ուրախությամբ փաստեմ, որ սրա արդյունքում, ազգային նվագարաններ դիմողների թիվը աճեց 2017 թվականին: Երկու երաժշտականներում միասին, ակնկալվող 21-ի փոխարեն դիմել եւ սովորել են 112 հոգի: Ուստի, մնացյալ 91 սովորողի համար, առաջարկեցինք ավագանու ադամներին, այս բաժնի համար սահմանել նվազագույնը, որն է 3000 դրամ, որպեսզի շարունակենք ազգային նվագարանները խթանելու քաղաքականությունը: Նշեմ, որ պետության կողմից խրախուսվող 21 անվճար տեղը տրամադրվում է բարձր առաջադիմություն ցուցաբերող սաներին:
Վերոնշյալ արտոնությունների արդյունքում, ստացվում է, որ ծնողների կողմից վճարվող մեկ սովորողի միջին ուսման վարձը երաժշտական դպրոցներում կազմում է 3386 դրամ: Մեկ սովորողի վրա ամսական ծախսվում է 17.753 դրամ, պետության կողմից հատկացվում է ամսական 615 դրամ, իսկ 13.752 դրամը հատկացվում է համայնքի կողմից: Ստացվում է, որ երաժշտական եւ գեղարվեստի դպրոցներում սովորողների ուսման ծախսերի 20%-ը վճարվում է ծնողների կողմից, 4%-ը պետության, իսկ մնացած 76%-ը հատկացվում է համայնքի կողմից: Սրանով մենք նպաստում ենք նաեւ մեր քաղաքում մշակույթի զարգացմանն ու տարածմանը:

Մշակութային եւ կրթական օջախներ հաճախող երեխաների ուսման ծախսի վերլուծական աղյուսակ

Կրթօջախ Երեխաների ընդհանուր թիվը Վարձի արտոնու-թյունից օգտվողների թիվը Ամսական միջին ծախսը 1 երեխայի համար Միջին ծնողմիջոցը Ուսման վարձի փոհատուցում քաղաքապետա-րանի կողմից
1 երեխայի հաշվով Ուսման վարձի փոխհատուցում պետության կողմից
1 երեխայի հաշվով
Մանկապարտեզ 1214 159 19.723 5925 կամ 30% 13.828 կամ 70% 0
Երաժշտական եւ գեղարվեստի դպրոցներ
759
79
17,753
3386 կամ 20%
13,752 կամ 76%
615 դրամ ամսական կամ 4%

Սպորտի զարգացման եւ մասսայականացման նպատակով քաղաքապետարանի բյուջեից ֆինանսավորում ենք Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցը. այստեղ մարզումներն անվճար են:
Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում սոցիալապես խոցելի խմբերի համար կազմակերպել ենք համակարգչային անվճար դասընթացներ` շնորհել հավաստագրեր:
Հաշվետու տարվա ընթացքում շարունակել ենք նաեւ քաղաքապետարանի աշխատակազմը համալրել առավել արհեստավարժ կադրերով, շարունակաբար ջանքեր ենք թափել աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ։ Մասնավորապես` աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացմանն ուղղվել է 755 հազար դրամ։
Քաղաքապետարանի եւ ենթակա ստորաբաժանումների 219 աշխատակից ստացել է խրախուսանք 16 մլն 202 հազար դրամ ընդհանուր գումարի չափով, որից 6-ը մշակույթի ոլորտի ներկայացուցչներ են, 27-ը գրադարանի աշխատակիցներ (գրադարանավարի օրվա աթռիվ), 186-ը` քաղաքապետարանի եւ ենթակա բյուջետային հիմնարկների ու ՀՈԱԿ-ների աշխատակից ( ամանորի կապակցությամբ):
Տարվա ընթացքում մայրենիի օրվա առթիվ դրամական խրախուսանք է հատկացվել Էջմիածնի դպրոցներում աշխատող թվով 16 ուսուցչի` 640.000 դրամի չափով:
1 մլն 780 հազար դրամ ընդհանուր գումարի չափով էլ դրամական խրախուսանքի ենք արժանացրել աչքի ընկած թվով 10 մարզիկի եւ 7 մարզչի :
Տարվա ընթացքում տարբեր առիթներով շնորհել ենք 315 շնորհակալագիր` այդ թվում անձանց եւ կազմակերպությունների: Տարբեր մրցույթներում, փառատոներում Էջմիածնի պատիվը բարձր պահելու համար 57 հոգու պատվոգիր ենք շնորհել: 14 վկայական էլ շնորհել ենք իրենց ոլորտներում աչքի ընկած ներկայացուցիչների` բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ
Հաշվետու տարվա ընթացքում քաղաքապետարանը քաղաքացիներից ստացել է 1960 դիմում, եւս 2274 գրություն՝ տարբեր կազմակերպություններից։ Քաղաքապետի մոտ ընդունելության են եղել ավելի քան 1800 բնակիչ։ Դիմումների հիման վրա 20 մլն 697 հազար դրամի օգնություն ենք հատկացրել 304 քաղաքացու, որից ուսման վարձ՝ 89, բուժման վճար՝ 146, այլ կարգի սոցիալական խնդիրներով՝69 քաղաքացու ( հրդեհված 2 բնակարանի, 8 երեխայի ճանապարհածախս `մրցույթի մասնակցելու համար, 4 զինվորի ծնողի ճանապարհածախս` որդիներին այցելելու համար, այլն)։ Բավարարել ենք նաեւ 74 բնակչի այլ բնույթի դիմումներ՝ արխիվային տեղեկանքի հատկացում, միջնորդագրեր եւ այլն։
500 ընտանիքի հատկացրել ենք վառելափայտ, ինչի համար ծախսել ենք մոտ 15մլն 985 հազար դրամ։
Տարվա ընթացքում թվով 78 զոհված ազատամարտիկի ընտանիքի հատկացվել է 1մլն 560 հազար դրամի օգնություն։ Ամանորի կապակցությամբ թվով 78 զոհված ազատամարտիկի եւ 16 վիրավոր ու սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանքիների հատկացվել է նաեւ 910 000 դրամի ֆինանսական օգնություն։
Շինարարական աշխատանքներ ենք կատարել Զվարթնոց թաղամասում գտնվող Զոհվածների պանթեոնում`սալիկապատել ենք ճեմուղիները, տեղադրել եզրաքարեր, տապանաքարեր, ինչի համար ծախսվել է 4 մլն 787 հազար դրամ:
Շարունակել ենք հետեւողական աջակցության ցուցաբերումը ծերերի տանն ու «Մեր տունը» հասարակական կազմակերպությանը։ Տարվա ընթացքում այս հաստատություններին հատկացրել ենք 4,9 մլն դրամի սնունդ: Ամանորի կապակցությամբ Ծերերի տան բնակիչներին բացի սննդի տոպրակներից նաեւ ֆինօգնություն ենք հատկացրել։ Տարվա ընթացքում կատարվել է հարազատներ չունեցող 10 մահացածների հուղարկավորումներ:

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Այս համակարգի բարեխիղճ աշխատանքով է պայմանավորված ինչպես սանիտարահիգիենիկ վիճակն, այնպես էլ՝ քաղաքի գեղագիտական տեսքը, գրավչությունը։
Այսօր աղբահանություն իրականացվում է շուրջ 200 եւ ավելի փողոցներից ու փակուղիներից եւ 184 բազմաբնակարան շենքերից։ Բացի այդ, օրական 2 անգամ իրականացվում է քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված 270 մեծ եւ 330 փոքր մետաղյա աղբարկղերի դատարկման եւ բեռնաթափման գործընթաց։ Շաբաթական 2 անգամ էլ մեր քաղաքապետարանի տեխնիկայով աղբահանություն է իրականացվում Պտղունք, Շահումյան եւ Մրգաստան գյուղական համայնքներում։ Քաղաքում աղբահանությունը, մաքրման աշխատանքները կատարվում են 20 անուն ինքնաթափերով եւ այլ մեքենաներով։
Տեսակը Քանակը
Զիլ -130 ինքնաթափ 10 հատ
Գազ-53 ԿՕ 430 5 հատ (հատուկ տեխնիկա)
Զիլ-130 ջրցան 2 հատ (հատուկ տեխնիկա)
Կամազ- 413 փոշեկուլ 1 հատ
ԴՏ-75 բուլդոզեր 1 հատ
ՋԻՍԲ Էքսկավատոր 1 հատ (հատուկ տեխնիկա)


Օրական տեղափոխվում է միջին հաշվով 220 տոննա աղբ։ Աղբահան տրանսպորտային միջոցների անխափան շահագործման համար 2017-ի ընթացքում ծախսվել է մոտ 66 մլն դրամ։ Այս գումարը ներառում է վառելիքի, քսայուղերի եւ ավտոպահեստամասերի համար կատարված ծախսը։ 1մլն դրամ էլ ծախսվել է նոր մետաղյա աղբամանների համար։ Թեեւ այս տարի տեղումնառատ չեղավ, սակայն դեռ հոկտեմբերին պահուստավորել էինք ձնամաքրման աշխատանքների համար անհրաժեշտ տեխնիկական աղն ու խարամի ավազը ` հավելյալ չափաքանակներով, որպեսզի անհրաժեշտության դեպքում ապահովեինք քաղաքացիների ազատ ու անվտանգ երթեւեկը։ 2017-ին այդ նպատակով օգտագործել ենք 1 մլն 980 հազար դրամ՝ ձեռք բերելով 510 մխ ավազ եւ 15 տոննա տեխնիկական աղ։
Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել է թվով 12 բազմաբնակարանային շենքերի, թվով 3 մանկապարտեզների եւ կենտրոնական գրադարանի մասնաշենքերի տանիքների վերանորոգում` 5538քմ, որի համար օգտագործված գումարը կազմել է 26 մլն 403 հազար դրամ: Միեւնույն ժամանակ քամուց վնասված տանիքների վերանորոգման համար հատկացվել է շինանյութ:
Բազմաբնակարան շենքերում տեղադրվել 14 հատ շքամուտքի դուռ, ինչի համար ծախսվել է 900 000 դրամ։
Կատարված աշխատանքները ակնառու են, այդ պատճառով էլ էջմիածնեցիները սիրահոժար են կատարում վճարումներ։ 2017-ին հավաքագրումները կազմել են նախանշվածի 102,3 տոկոսը: Սակայն, հարկ եմ համարում նշել, որ աղբահանությունը ծախսափակ չէ նույնիսկ հավաքագրումների նման տոկոսի դեպքում: 1 շնչին բաժին ընկնող աղբահանության ծախսը փաստացի կազմում է 556 դրամ, սակայն հաշվետու տարում 1 շնչի համար քաղաքապետարանը գանձումները կատարել է ավագանու կողմից սահմանված 180 դրամի հաշվարկով, իսկ մնացյալ 376 դրամը հատկացրել է քաղաքապետարանը:

ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
Այն որ Էջմիածինը տարեցտարի ավելի բարեկարգ ու լուսավոր է դառնում մատնացույց են անում թե´ էջմիածնեցինեը, թե´ քաղաքի հյուրերը: Քաղաքի բարեկարգմանը զուգահեռ, բնականաբար աճում է այս ոլորտում աշխատանքների ծավալը։
Հաշվետու տարում նոր գիշերային լուսավորություն է անցկացվել թվով 63 փողոցներում եւ 37 փակուղիներում` էներգախնայող լուսատուներով: Այս աշխատանքների համար ծախսվել է 3 մլն 240 հազար դրամ: Այսօր արդեն էջմիածնում կա լիարժեք լուսավորվող 172 փողոց` ներառյալ փակուղիները եւ 184 բազմաբնակարան շենքի բակ: Իդեպ, այս ցուցանիշը գերազանցում է Խորհրդային միության ժամանակ Էջմիածնում լուսավորված փողոցների քանակը:
Նշեմ նաեւ, որ լուսավորվող փողոցների թվի ավելացմանը զուգահեռ, էներգախնայող լեդ լուսատուների տեղադրման շնորհիվ, նույնիսկ էլ.էներգիայի սակագնի բարձրացման պայմաններում, 80%-ով նվազել է սպառած էլէներգիայի ծախսը, եւ սա այն պարագայում, երբ լուսավորության տեւողությունը 3,5 ժամի փոխարեն դարձել ենք 5,5-ից 6 ժամ, որոշ հատվածներում` մինչեւ առավոտ:
Գիշերային լուսավորության համեմատական վերլուծության աղյուսակ

Լուսատուի տեսակը Փողոցների և փակուղիների քանակը Շենքերի բակերի թիվը 1 ԿՎՏ արժեքը լուսավորության տևողությունը Ծախսը ԿՎՏ-ով Ծախսը դրամով
Դեղին լամպեր 57
(2015թ.)
184
40.6 3,5 ժամ 1 227 000 ԿՎՏ 53.912.500 դրամ

Կոնսուլային լեդ
172
(2017թ.)
184
42.8 6 ժամ/
կենտրոնական հատվածներում` 11 ժամ
628 560 ԿՎՏ
26.992.000 դրամ

2018-ին նախատեսվում ենք լիարժեք լուսավորել եւս 3 թաղամաս`
• Չարենց թաղամաս`
• Ա.Մանուկյան
• Անդրանիկ թաղ.
Բարեկարգման բնագավառում մեր առաջնահերթ նպատակներից եղել եւ մնում է ոռոգվող կանաչապատ տարածքների հետեւողական ավելացումը։ 2017-ին եւս հետեւողական ենք եղել այս հարցում: Վաղուց արդեն իրականություն է պաշտպանիչ անտառաշերտի հիմնումը եւ այսօր արդեն ձեռնամուխ ենք լինում քաղաքը քամուց եւ փոշուց պաշտպանող եւս մեկ անտառաշերտի հիմնաման գործընթացին` տարածքի ընտրման հարցում հաշվի առնելով առկա նախադրյալները (ջրի առկայություն, հողի կազմը եւ այլն): Շարունակում ենք նաեւ արվարձաններում այգիներ հիմնելու աշխատաոճը։ Չարենց, Տերյան, Զվարթնոց արվարձաններն ունեն բարեկարգ այգիներ, ուր աշխատանքները մշտապես շարունակելու ենք։ Արամ Մանուկյան թաղամասի այգին աստիճանաբար կայացնում ենք։ Մոտ 700 ծառ էլ տնկել ենք Էջմիածնի տարբեր հատվածներում, դեպի Երեւան տանող մայրուղու տարածքում, Էջմիածին-Արտիմեդ ճանապարհի անտառաշերտում եւ դեպի Ոսկեհատ տանող ճանապարհի երկու կողմերում: Նշեմ, որ ընտրվում են այնպիսի ծառեր, որոնք համապատասխան են մեր կլիմայական պայմաններին, աչքի են ընկնում դիմացկունությամբ եւ չեն պահանջում հավելյալ խնամք:
Շարունակում ենք մեր քաղաքը վերածել ծաղկաստանի` ավելացնելով ծաղկային տարածքները դիմացկունությամբ եւ գեղեցկությամբ աչքի ընկնող ծաղիկներով: Ծաղկասածիլներ տեղադրել ենք ամենուրեք։ Միայն Կենտրոնում, Կամո եւ Պատկանյան փողոցներում 2017 թվականին տեղադրել ենք 130 000 ծաղկասածիլ։
Մանկական խաղային հարմարանքներ, ճոճանակներ, սահարաններ են տեղադրվել Ալավերդյան . 3-րդ շենքի բակում եւ Պետ. տնկարան թաղամասում` ինչի համար ծախսվել է 651 հազար դրամ:
2018-ին եւս ավելացնելու ենք բակային խաղահրապարակների թիվը, հիմնելու ենք սպորտային հրապարակներ քաղաքի տարբեր հատվածներում:
Թվով 57 փողոցներում 11099 քմ մասնակի ասֆալտապատման համար ծախսվել է 59 մլն 465 հազար դրամ:

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ 2017թ. ԿԱՏԱՐՎԱԾ ԱՍՖԱԼՏԻ ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ
ԱԿՏ ՓՈՂՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՎՃԱՐՎԱԾ Մ.Ք. ԳՈՒՄԱՐ հազ.դրամ
1 Սպանդարյան - Վազգեն Ա մինչև Կամո 1001,69 5575,83
Զվարթնոց կամրջից մինչև կամրջի վերջնամաս 133,92 745,47
2 Արագածի զ.2-րդ շ. մինչև 13 շ /այգիներ տանող ճան. /226,50 1811,55
Արագածի զ.5ա շ. մինչև <<Ծիածան>> մանկ. 80,02 445,42
Արագածի զ.կամրջից մինչև այգու մոտ 160,40 1282,63
3 Արագածի զ.այգուց աջ 193,41 1360,52
Այգեստան փ 221,48 1214,68
4 Այգեստան փ,Մաշտոց,Տեր-Գաբրիելյան,Խանջյան,Խնկոյան մինչև ճան. Երևան- Էջմիածին մայրուղի 794,70 4359,62
Մ.Խորենացի 528,51 2898,99
5 Պատկանյան, Խորենացի - Պատկանյան խաչ. մինչև Կնունյանց 206,22 1131,18
Արարատյան` Կոմունարներ մինչև կամուրջ 94,87 520,49
6 Սպանդարյան խաչ. մինչև Մաշտոց - Վազգեն ա խաչ. 369,78 2028,38
Կամո 277,58 1522,58
7 Վ.Կոստանյան խաչ.մինչև Մաշտոց 141,14 769,61
Հրապարակից մինչև Բաղրամյան փ. 118,59 637,42
8 Մաշտոց հրապարակից մինչև կամուրջ 26,47 159,98
ԱԱԾ ներսի տարածք 28,07 167,17
Բաղրամյան փ.դպրոցի խաչ-մինչև Պատկանյան փ. 280,03 1542,57
9 Աշտարակի կամրջից մինչև Վազգեն Ա խաչ 488,75 2665,47
Հիվանդանոցի օղակաձևվից դեպի Կնունյանց փ. 30,84 146,86
Հիվանդանոցի օղակաձևվից դեպի 24շ. 55Ա տուն 31,43 174,11
10 Թումանյան` կամրջից մինչև Պատկանյան խաչ. 356,61 1960,66
Ալավերդյան փ. մինչև Խորենացի փ. 31,52 172,11
Դանեղյան փ. 225,12 1201,89
Չարենց փ. 161,92 888,37
11 Բաղրամյան 24 շ. մինչև Խորենացի 55 ա տուն 13,34 74,07
Խորենացի փ. Չարենցից -Տերյան 112,12 620,76
Աթարբեկյան տանող ճան.գործարանի մոտից 56,94 316,82
Չարենց փ. շենքեր տանող ճան.և արհեստական անհարթ. 235,32 1647,91
12 Վ. Սարգսյան փ. կամրջից մինչև 3 փակ. 185,96 1038,27
Ա. Մանուկյան փ. մինչև Սպանդարյան 239,64 1324,82
Մաշտոց 4 շ. բակ 243,69 1338,09
Քաղաքապետարանի ետնամաս ԵԿՄ շենքից մինչև Վազ•ենԱ 112,64 631,72
13 Զվարթնոց գյուղի ճան. 223,14 1231,40
14 Վազգեն Ա - Մռավյան խաչ. 118,21 997,02
Խորենացի 39 տան դիմաց 2,00 11,13
Չարենց 13 շենքի բակ 10,75 59,79
Չարենց - Լիդիցե 72,20 401,87
Խորենացի 2Ա շենքի բակ 93,39 519,66
15 Զվարթնոց պանթեոն 53,80 374,83
Տերյան - Թումանյան խաչ.մինչև Տերյան - Խորենացի խաչ. 13,00 72,36
Տերյան - Խորենացի խաչ. մնինչև հրապարակ 105,84 495,02
Արարատյան փող. 15,00 83,47
16 Խորենացի փ / ֆռեզով /
17 Զվարթնոց կամուրջից մինչև հրապարակ ճաքալցում 1058,82 2160,00
18 Սպանդարյան ծննդատան բակ, Բաղրամյան փ.պոլիկլինիկայի բակ 495,00 2755,39
Թումանյան - Տերյան խաչ.մինչև Խորենացի խ. 28,00 155,86
19 Ռ.Եսայան - Օրջոնիկիձե 173,62 1093,67
9-րդ դպրոցի բակ 303,94 1691,32
Վազգեն Ա փող.45բ շենքի բակ 113,05 629,14
Բաղրամյան, Թումանյան, Պատկանյան, Սպանդարյան 140,00 779,27
20 Չարենց 16 շենքի բակ
Վ. Սարգսյան փ. կամրջի կողքը

Եվս 38 մլն 804 հազար դրամ էլ ծախսել ենք թվով 7 փողոցների 10 շենքերի բակերի ընդհանուր`7263 քմ տարածքի կապիտալ ասֆալտապատման համար։

Հիմնանորոգում
Փողոցի անվանումը Հասցեները

Մ. Մաշտոց
65 շենքի բակ
73 շենքի բակ
71 շենքի բակ
Վազգեն Առաջին 12 Ա շենքի բակ
Բաղրամյան 10 շենքի բակ
Թումանյան 21 շենքի բակ
Նար-Դոս 1 շենքի բակ

Մ. Խորենացի 2 շենքի բակ
14 շենքի բակ
Զվարթնոց 9 շենքի բակ

2017-ին լուրջ աշխատանքներ են տարվել մայթերի բարեկարգման ուղղությամբ: Թումանյան 2 շենքի, Մ.Խորենացի, Մաշտոց, Վազգեն Առաջին, Բաղրամյան, Շահումյան, ինչպես նաեւ հրապարակամերձ փողոցների մայթերի որոշակի հատվածներ սալիկապատվել են, անհրաժեշտության դեպքում վերափոխվել են եզրաքարերը, կառուցվել են թեքահարթակներ: Շուրջ 2400քմ մայթի սալիկապատման համար ծախսվել է 16 մլն 260 հազար դրամ: Էջմիածնի Ներսիսյան թիվ 6 դպրոցի համար կառուցել ենք ցանկապատ, ինչի համար ծախսել ենք 1մլն 73 հազար դրամ, սալիկապատել ենք դպրոցին կից մայթը: Մայթերի բարեկարգման աշխատաքները շարունակական են լինելու, ապահովելու ենք հետիոտների անարգել անցուդարձը:
Պարբերաբար կատարվել են նաեւ սեզոնային աշխատանքներ, լուսացույցերի, խոտհնձիչների, ջրավազանների, շատրվանների, ոռոգման համակարգերի, պոմպերի եւ այլնի նորոգման, պրոֆիլակտիկ զննման աշխատանքներ, որոնք մանրամասն թվարկելու համար ժամանակը չի բավականացնի։

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սրանք այն ոլորտներն են, որ մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Էջմիածինն աշխույժ մշակութային կյանքով է ապրում։ Տարվա ընթացքում այստեղ իրականացվել է շուրջ 230 մշակութային միջոցառում, որոնց մեծ մասը՝ խոշորամասշտաբ ծրագրեր։ ՀՀ անկախության 25-ամյակը, Ամանորի տոնական ձեւավորումը, Տրնդեզի տոնի նշումը, Էջմիածնի տոնի նշումն այն միջոցառումներն են, որոնց մասին ողջ տարվա ընթացքում խոսում են ոչ միայն էջմիածնեցիները, այլեւ ամբողջ Հանրապետության բնակչությունը: Այս փաստով հպարտանում է յուրաքանչյուր էջմիածնեցի։ Այս տարի եւս, ամանորին Էջմիածինը առանձնացավ ինքնատիպ ու շքեղ ձեւավորմամբ:
Մշակութային միջոցառումներ անցկացվում են ողջ տարվա ընթացքում եւ անընդհատ: Մշակութային ծրագրերից հիշատակման են արժանի ամռանը կազմակերպվող համերգային ժամանցային ծրագրերն ու քաղաքապետարանի հարակից այգում բաց կինոդիտումների կազմակերպումը շաբաթ եւ կիրակի օրերին։ Սա էջմիածնեցու առօրյան հագեցնող մշակութային ծրագիր է՝ մեր քաղաքի բնակչությունը, առանց գումար վճարելու, արվեստին հաղորդակցվելու հնարավորություն է ստանում։
Որպեսզի շատ չմանրամասնեմ, նշեմ, որ Կոմիտասի, Հովհաննես Հովհաննիսյանի, Չարենցի, Թումանյանի տարեդարձերը մշակութային միջոցառումներով նշելը նույնպես հստակորեն արմատավորված ավանդույթ է մեր քաղաքում։
Տոնեցինք Էջմիածնի 2 702-ամյակը։ Եռօրյա միջոցառումները դարձյալ բազմաբնույթ եւ բազմաբովանդակ էին:
Քաղաքը մշակութային միջոցառումներով մասնակցել է հայոց Մեծ եղեռնի տարելիցի, Մեծ հայրենականում տարած հաղթանակի տարեդարձի, Երկրապահի օրվա, Անկախության 25-ամյակի, Երեխաների պաշտպանության օրվան նվիրված եւ այլ ծրագրերի։
Կարեւորագույն ոլորտներից մեկին անդրադառնանք։ Ինչպես անցած տարիներին, 2017-ին եւս աշխատանքներ են կատարվել կրթական օջախների կապիտալ շինարարության ոլորտում։
Հիմնավոր աշխատանքներ կատարվել են գրեթե բոլոր մանկապարտեզներում: Մասնավորապես` 11 մլն 592 հազար դրամ ծախսվել է թիվ 15 մանկապարտեզի շենքի տանիքի, խոհանոցի ու սննդի պահեստների հիմնանորոգման եւ խոհանոցային նոր գույք ձեռք բերելու համար: Հիմնանորոգվել է թիվ 13 մանկապարտեզի մեկ մասնաշենքի տանիքը, ինչի համար ծախսվել է 4 մլն. 621 հազար դրամ: 1 մլն 851հազար դրամ էլ ծախսել ենք թիվ 10 մանկապարտեզի տանիքի մնացյալ հատվածի հիմնանորոգման համար: Նշեմ, որ թիվ 10 մանկապարտեզի տանիքի մի մասը հիմնանորոգել էինք դեռ 2016 թվականին: Հատկանշական է, որ ամբողջ տանիքի հիմնանորոգման ծախսի կեսն իր վրա էր վերցրել Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոն: Սանհանգույցների, ոռոգման համակարգերի, բակային տարածքների բարեկարգում կատարվել են բոլոր մանկապարտեզներում: Եթե տարիներ առաջ մեր մանկապարտեզների բակերը տափաստանների էին նման, ապա այսօր ամենուր ծաղիկներ են, դեկորատիվ եւ պտղատու ծառեր։
Քաղաքի 8 մանկապարտեզներում հսկողությունն ու վերահսկողությունը ծայրաստիճանի խիստ է, քանի որ գործ ունենք մինչեւ 6 տարեկան երեխաների հետ։ Բազմատեսակ որակյալ սնունդը, մանկապարտեզների մաքրությունը միշտ բարձր մակարդակի վրա են։ Ծնողկոմիտեների միջոցով անմիջական վերահսկողություն են սահմանում նաեւ երեխաների ծնողները։ Մանկապարտեզնում աշխատում են բացառապես մանագիտական բարձր որակներով օժտված մասնագետներ, որոնք ապահովում են մանկապարտեզներ հաճախող երեխաների մտավոր, հոգևոր եւ ֆիզիկական զարգացումը: Սրանում համոզվում են նաեւ ծնողները` խմբերում անցկացվող բաց պարապմունքների եւ հանդեսների ժամանակ:
Էջմիածնի մանկապարտեզներ հաճախող 1214 երեխաները ամանորի կապակցությամբ նվերներ են ստացել քաղաքապետարանից։ Հունիսի վերջին էլ մանկապարտեզն ավարտող ավելի քան 356 սանի դպրոց ենք ճանապարհել նվերներով։
Տասնյակ միջոցառումներ են իրականացվել երաժշտական եւ գեղարվեստի դպրոցներումը: Մեր հաստատությունների սաները հաջողություններ են ունեցել Հանրապետական, երբեմն էլ՝ միջազգային մրցույթներում, արժանացել դիպլոմների եւ պատվոգրերի: Գեղարվեստի դպրոցի սաների աշխատաքները ողջ տարվա ընթացքում ցուցադրվել են նաեւ քաղաքապետարանի նախասրահում` թեմատիկ ցուցահանդեսներով: Սրան զուգահեռ, քաղաքապետարանի նախասրահում ցուցահանդեսներով հանդես են եկել նաեւ հայտնի արվեստագետներ, այդ թվում Ռուդիկ Պետրոսյան, Ներսե Մելիքյան, էջմիածնի կին նկարչուհիները եւ այլք:
Կոմիտասի անվան Մշակույթի պալատում գործող պարախմբերում եւ երգչախմբերում ընդգրկված են 1200-ից ավելի երեխա, որոնց մենք փաստացի կարողացել ենք ինտեգրել մշակութային կյանքին:
2017-ին ակտիվ են եղել նաեւ Էջմիածնի թանգարանները։ Թանգարաններն այս տարի եւս մասնակցել են «Թանգարանների գիշեր» նախաձեռնությանը:
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում անցկացվել են բազմաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ եւ այս ամենը հանդիսատես-գրող ջերմ շփման շրջանակներում:
Պատմաազգագրական թանգարանում նոր ցուցանմուշներ են ձեռք բերվել։ 2017 թվականին Պատմաազգագրական թանգարանի ձեռքբերումներից է նաեւ Բաթումի հնագիտական թանգարանի հետ կնքված համագործակցության հուշագիրը, որը ստորագրվեց Էջմիածնի 2702-ամյակի շրջանակներում: Մեծամորի արգելոց-թանգարանի հետ համագործակցության արդյունքում էլ Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում կայացել է Հայաստանում հայտնաբերված վիշապաքարերի ցուցահանդես:
2017-ին նորոգման աշխատանքներ կատարվել են նաեւ Կենտրոնական գրադարանում` վերանորոգվել է թիվ 1 տեղամաս գրադարանի տանիքը: Նվիրատվության եւ բյուջետային միջոցների հաշվին գրադարանի գրքային ֆոնդը հարստացել է 1568 կտոր գրքով. հիմնվելով ընթերցողների պահանջի վրա, համայնքային բյուջեով մոտ 810 000 դրամ արժողությամբ 320 կտոր գիրք ենք ձեռք բերել գրադարանների համար: Եվս 161 արժեքավոր գրքեր ինքս եմ նվիրել գրադարանին: 722 կտոր արժեքավոր գրքեր գրադարանին նվիրել է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Համաշխարհային գրականության ռուսալեզու 200 կտոր գիրք էլ գրադարանին նվիրել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Մնացյալ 165 գիրքն էլ ստացվել է տարբեր նվիրատվություններից: Այսօր արդեն Էջմիածնում գործող 7 գրադարանների գրքային ֆոնդը մոտ 271 հազար է։ Գրադարաններում կազմակերպվել են հանդիպումներ, գրքերի քննարկումներ, մեծարման միջոցառումներ։

ՍՊՈՐՏ
Այս ոլորտի հետ կապված երկու հիմնական խնդիր ենք մեր առջեւ դնում. մասսայական ֆիզկուլտուրան, որ նպաստում է առողջ սերունդ կրթելուն եւ մեծ սպորտում էջմիածնեցի մարզիկների հաջողությունների գրանցումը: Երկու ուղղությամբ էլ 2017-ին հաջողություններն ակնառու են եղել։
Այսօր Էջմիածնի մարզադպրոցում գործում են 13 մարզաձեւերի մոտ 50 խմբեր, որոնցում ընդգրկված է 735 մարզիկ։ Նրանց հետ աշխատում են 25 մարզիչ, որոնցից 5-ը՝ ՀՀ վաստակավոր մարզիչներ, 5-ը՝ սպորտի վարպետներ։ Արդեն իսկ նշել եմ, որ մարզումներն անվճար են:
Մեր մարզիկները տարբեր որակի 45 մեդալ են նվաճել մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների հանրապետական առաջնություններում, իսկ միջազգային մրցաշարերում՝ 5 մեդալ։ Արդեն որերորդ անգամ այս դահլիճում մեծ հպարտությամբ նշում ենք ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի անունը։ Նա մարզական բարձր մակարդակի մրցաշարերում բարձր պահեց ոչ միայն մեր քաղաքի, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության պատիվը`նվաճելով 4 ոսկե մեդալ Եվրոպայի տարբեր առաջնություններում։ Մեր մյուս էջմիածնեցի մարզիկը` եռամարտիկ Արթուր Հակոբյանը փայլուն ներկայացավ Եռամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունում` նվաճելով ոսկե մեդալ: Եկեք ծափահարենք մեր չեմպիոններին:
Տարվա ընթացքում Էջմիածնում անցկացվել են լայնամասշտաբ մարզական միջոցառումներ, որոնցից առավել հիշատակման են արժանի ազգային մարզաձեւերի փառատոնը, օլիմպիականի օրվան նվիրված մասսայական միջոցառումները, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անվան մրցաշարը, Զոհված ազատամարտիկների հուշամրցաշարը, Էջմիածնի 2702-ամյակին նվիրված մարզական միջոցառումները, եւ այլն:
Նշեմ նաեւ, որ Տերյան փողոցի մարզահամալիրի շինարարական աշխատանքները շարունակվել են։ Սա առնվազն մեր տարածաշրջանի համար աննախադեպ համալիր է դառնալու, որը նույնպես նպաստելու է սպորտի զարգացմանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող համատեղ ներդրումային բարեգործական ծրագրի շրջանակներում մեր քաղաքը կունենա նաեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի ակադեմիա` ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներով, ինչը եւս կնպաստի Էջմիածնի տարածաշրջանում սպորտի զարգացմանը: Այս ծրագրի իրականացման համար մեր քաղաքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային է նվիրաբերել շուրջ 5,5 հա մակերեսով հողամաս:

ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐ
Ակտիվորեն շարունակել ենք շփումները քույր քաղաքների հետ՝ ինչպես արտերկրի, այնպես էլ՝ Արցախի Հադրութ եւ Մարտակերտ քաղաքների։ Այս տարածքների ազատագրման եւ ինքնապաշտպանության մարտերին ծանրակշիռ մասնակցություն է ունեցել էջմիածնեցին, եւ այսօր էլ մեր պարտքն ենք համարում տվյալ տարածքների զարգացմանը հնարավորության սահմաններում աջակցելը։ Մասնավորապես օգոստոսին դեպի Արցախ ԵԿՄ ուխտագնացության ժամանակ այդ տարածքների դպրոցներ հաճախող առաջին դասարանցիներին նվիրել ենք գրենական պիտույքներով լի դպրոցական պայուսակներ։ Մշակույթային փորձի փոխանակաման նպատակով Հադրութի ու Տողի Արվեստի դպրոցի սաների համար Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպել ենք վարպետության դասեր: Արցախի տարբեր շրջանների աշակերտների պատվիրակություններին ուղեկցել ենք Մայր Տաճար, Էջմիածնի թանգարաններ եւ հուշարձաններ։
Ընդլայնել ենք արտաքին կապերը. համագործակցության հուշագիր ենք ստորագրել Լատվիայի Դաուգավպիլս քաղաքի հետ, իսկ Ֆրանսիայի Շաղվիո Շավանիո քաղաքի հետ գործող համագործակցության հուշագիրն ամրապնդել ենք պայմանագրով:
Շարունակել ենք հետաքրքիր մշակութային գործակցությունը Ճապոնիայի դեսպանության հետ։ Եղ. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցում անցկացվել է «սումի-է» գեղանկարչության վարպետության դաս: Իսկ քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպվել է ճապոնական ֆիլմի ցուցադրությունը: Երկու միջոցառումներին էլ ներկա էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
2017 թ. Էջմիածինն ակտիվ համագործակցել է նաև միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ։ Մասնավորապես, հունիսին Էջմիածնի պատվիրակությունը մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ծրագրային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները եւ ծրագրային մի շարք հարցեր:
Արդյունավետ համագործակցության արդյունքում, արդեն հոկտեմբերին, Կորեայի Հանրապետության Գյոնգջյու քաղաքում մասնակցել ենք ՅՈւՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության 14-րդ համաժողովին: Քննարկել ենք ընթացիկ եւ առաջիկա նախատեսվող ծրագրեր, որոնցից շատերին անկասկած մասնակցություն կունենա նաեւ Էջմիածինը: Իսկ համաժողովում քննարկված` Էջմիածին, Էվորա (Պորտուգալիա) եւ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան) քաղաքների դպրոցների միջեւ փորձի փոխանակման ծրագրի նախապատրաստական փուլն արդեն իսկ ավարտված է եւ պատրաստ իրագործման:
Հաշվետու տարում իրականացվել են մի շարք կրթական ծրագրեր: Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության եւ Բուշ դյու Ռոն նահանգային խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում, համագործակցելով «Բարձունք 5165» հայ-ֆրանսիական բարեգործական հասարակական կազմակերպության հետ, Էջմիածնում հյուրընկալեցինք EnVol ծրագրի 4 մասնակիցներին: Չորս ու կես ամիս երիտասարդները Էջմիածնում փորձի փոխանակման և կամավորական աշխատանքին զուգահեռ կատարել են ճանաչողական շրջայցեր, ծանոթացել Էջմիածնի պատմությանն ու մշակույթին: Ծրագիրը կազմակերպվել է փոխգործակցության սկզբունքով, եւ դրա շրջանակներում մի քանի ամսով Ֆրանսիա է մեկնել նաև երիտասարդ ներկայացուցիչ Էջմիածնից:
«Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» կրթական ծրագրի շրջանակներում էլ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների ուսանողների եւ ասպիրանտների կամավորական խումբը Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում մեկ շաբաթ շարունակ Էջմիածնի 9-րդ դպրոցի աշակերտներին օգնել է կատարելագործել ռուսերեն լեզուն: Հյուրերի համար կազմակերպել ենք նաեւ ճանաչողական շրջայց քաղաքում, ծանոթացրել Էջմիածնի պատմությանն ու պատմամշակութային ժառանգությանը:

ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ
Հաշվետու տարվա ընթացքում հստակորեն աշխատել են քաղաքապետարանի բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները։ Որպեսզի ներկաների համբերությունը շատ չչարաշահեմ, թռուցիկ թվարկեմ եւս մի քանի կարեւոր արդյունք, որ ստացվել է քաղաքապետարանի աշխատանքի շնորհիվ։
Քաղաքացիներին, այդ թվում՝ սոցիալապես անապահով էջմիածնեցիներին, քաղաքապետարանի մասնագետները ցուցաբերել են անվճար իրավաբանական աջակցություն, խորհրդատվություն։
Զավթած հողամասերի ու բնակելի նշանակության ինքնակամ շինությունների անհատույց օրինականացման 154 որոշում ենք կայացրել։ Եվս 34 քաղաքացու հնարավորություն ենք տվել օրինականացնել ինքնակամ շինությունները։ Հատկացվել է թվով 38 շինթույլտվություն։ Շուկայականից ցածր գներով հողօգտագործողներին տրամադրվել է 193,5 տոննա ազոտական, 24 տոննա կալիումական եւ 14,3 տոննա ֆոսֆորական պարարտանյութ։
Շարունակում ենք կատարելագործել քաղաքապետարանի ejmiatsin.am պաշտոնական կայքը։ Կայքը լիարժեք գործում է երեք լեզվով։ Կարեւոր ձեռքբերում եմ համարում այն, որ կայքի, նաեւ՝ քաղաքապետարանի եւ քաղաքապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով հստակ աշխատում է էջմիածնեցու հետ հետադարձ կապը։ Իսկ Էջմիածնի քաղաքապետարանի թեժ գիծը՝ 5-27-27 հեռախոսահամարով, հասանելի է նաեւ ոչ աշխատանքային օրերին։
Էջմիածին քաղաքի համայնքային ավագանու նիստերը ուղիղ հեռարձակվում են դեռեւս 2016 թվականից: Նիստերի ուղիղ հեռարձակումներն անխափան կատարվել է նաեւ 2017 թվականին` հավատարիմ մնալով որդեգրած բաց և թափանցիկ աշխատանքի քաղաքականությանը։ Հեռարձակմանը հնարավոր է հետեւել մեր պաշտոնական կայքի միջոցով։
Մշտապես պատրաստակամ ենք մեր ռեսուրսներն ու հնարավորություններն օգտագործել ամբողջ քաղաքի խնդիրների լուծման համար։ Մեր լրատվության բաժինն, օրինակ, սիրահոժար լուսաբանում, ե´ւ մարզային, անգամ՝ Հանրապետական լրատվամիջոցներով հրապարակումներ է երաշխավորում նաեւ Էջմիածնի հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ձեռնարկների, գործունեության վերաբերյալ։

ՎԵՐՋԱԲԱՆ
Ամփոփելով կատարված աշխատանքների հաշվետվությունը, որ ներկայացրի թվերի լեզվով, գոհունակությամբ արձանագրեմ, որ քաղաքապետարանի գործունեությունը դրական գնահատականի է արժանացել նաեւ պետական, հասարակական տարբեր կառույցների եւ որ ամենակարեւորն է՝ էջմիածնեցիների կողմից։ Հատկանշական է, որ Էջմիածինը ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ Հայաստանի համայքների միության կողմից ճանաչվել է 2017 թվականին Հայաստանի Հանրապետության նշանակալից առաջընթաց գրանցած համայնք: Գոհունակությամբ փաստեմ, որ մենք արդեն անցում ենք կատարել երկարաժամկետ զարգացման տեսլականների եւ դրանցից բխող ծավալուն ծրագրերի իրագործման փուլ։ Մասնավորապես, էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ծրագրերն արդեն իսկ իրագործման փուլում են, ինչն ուղղակիորեն կնպաստի բնապահպանական խնդիրների մեղմմանը եւ քաղաքապետարանի կատարած ծախսերի կրճատմանը: Մեր երազանքների Էջմիածինը կառուցելու համար շարունակելու ենք սերտորեն համագործակցել թե՛ մեր քաղաքի բնակչության հետ, թե՛ պետական եւ տարածքային կառավարման մարմինների։ Շարունակելու ենք գործակցության խորացումը պետության եւ Մայր աթոռ Սուրբ էջմիածնի հետ։
Հարգելի՛ էջմիածնեցիներ, դուք ունեք ցանկացած հարցով քաղաքապետարան դիմելու, ձեր առաջարկներն ու դժգոհությունները ներկայացնելու բազում խողովակներ՝ ընդունելություն քաղաքապետի մոտ, հանդիպումներ քաղաքապետարանի տարբեր ոլորտների պատասխանատուների հետ, քաղաքապետին կից ուսանողական, մշակութային, այլ մասնագիտական խորհուրդներ, հետադարձ կապ քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով, շփումներ սոցիալական ցանցերում եւ իհարկե՝ 7-օրյա գործող քաղաքապետարանի թեժ գիծը՝ 5-27-27 հեռախոսահամարով։ Դիմեք քաղաքապետարանի իրավասության շրջանակներում գտնվող ցանկացած հարցով՝ առանց վարանելու կամ երկմտելու։
Այսքանով, հարգելի՛ ներկաներ, թույլ տվեք զեկույցն ավարտել եւ ամենքիս ցանկալ աշխատանքային բարձր տրամադրություն։ 2018-ի ծրագրերը եւս շատ են: Մեզ դեռ շատ գործեր են սպասում։ Ի գործ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: