Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019

Ավելացվել է: 2-03-2020, 12:08 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 52 |
Հարգելի՛ էջմիածինցիներ,
2019 թվականին քաղաքային իշխանությունների համակարգված ու հետեւողական գործունեությունը միտված է եղել Էջմիածնի բնակիչների եւ հյուրերի համար հարմարավետ եւ ժամանակակից պահանջերին համապատասխան քաղաքային միջավայր ձեւավորելուն եւ մեր համաքաղաքացիների պահանջներին ու խնդիրներին լուծում տալուն:
Հաշվետու տարում բարեկարգման հետեւողական ծրագրեր են իրականացվել փողոցներում, բակային տարածքներում,այգիներում ու պուրակներում, վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի տանիքներ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ եւ մշակութային օջախներ, կառուցվել են նոր խաղահրապարակներ, լուծվել են տարիներ շարունակ արդարացիորեն բարձրաձայնված խնդիրներ:
Փորձենք հակիրճ ամփոփել անցած մեկ տարում կատարվածն ու ձեռքբերումները հանձնել ձեր դատին:
Անցնենք փաստական տվյալներին.

2019 թ. բյուջետային տարում Էջմիածին քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 108,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 513 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 640 մլն դրամ: Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանը, ապա այս մասով պլանային առաջադրանքը կատարվել է 113,4 տոկոսով:
Այժմ ոլորտ առ ոլորտ ուսումնասիրենք, թե ինչ նպատակներով են ծախսվել հավաքագրված միջոցները։

Սոցիալական ոլորտ
Անցած մեկ տարում Էջմիածնի քաղաքապետարան է ստացվել 3511 դիմում եւ 3547 գրություն, իսկ քաղաքապետի մոտ ամեն հինգշաբթի անցկացվող ընդունելությանը մասնակցել է 1876 բնակիչ:
Սոցիալական տարբեր հարցերով ստացվել է 452 դիմում, արխիվային տեղեկանքի, միջնորդագրի ու այլ հարցերով դիմել է 127 բնակիչ:
334 ընտանիքի հատկացվել է դրամական օգնություն, որից՝
• Բուժման վճար՝ 192 քաղաքացու
• Ուսման վճար ՝ 53 քաղաքացու
• Սոցիալան տարբեր հարցերով՝ 89 քաղաքացու։
• Դպրոցական պարագաների ձեռքբերման համար 39 ընտանիքի 84 երեխայի
• 1 ընտանիքի էլ տրամադրվել է վառելափայտ։
2019թ. ընթացքում Էջմիածին համայնքի թվով 1179 քաղաքացու տրամադրվել է հարկային արտոնություն՝ գույքահարկի գծով՝ 8 մլն 705 հազար դրամի, հողի հարկի գծով 944 հոգու՝ 5 մլն 155 հազար 900 դրամի չափով: Արտոնությունը տրամադրվել է այն ֆիզիկական անձանք, որոնք մինչեւ սահմանված ժամկետը կատարել են գույքահարկի կամ հողի հարկի գծով պարտավորությունների մայր գումարների /ապառքների/ մարում:
Շարունակել ենք հետեւողական աջակցության ցուցաբերումը Արագածի 2 զանգվածի ծերերի տանը ու «Մեր տունը» հասարակական կազմակերպությանը։ Տարվա ընթացքում այս հաստատություններին հատկացրել ենք 2մլն դրամի սնունդ:

Բարեկարգում
Հաշվետու տարվա ընթացքում հսկայածավալ աշխատանքներ է կատարել «Բարեկարգում» տնօրինությունը:
Այս ոլորտում թվարկումները շատ են:
Կատարվել են բոլոր անհրաժեշտ սեզոնային աշխատանքները՝ ծառերի բների սպիտակեցում, վնասատուներից բույսերի բուժման աշխատանքներ, սիզամարգերի խնամում, էտման եւ այլ աշխատանքներ: Բոլոր կենտրոնական փողոցների սիզամարգերում տեղադրվել են մեծ քանակությամբ ծաղկասածիլներ 3800.0 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ինչը նպաստել է քաղաքի գեղեցիկ տեսքի ապահովմանը:

Կատարվել են քաղաքի նշագծման աշխատանքներ, խորքային հորերի վերանորոգման եւ տեխզննման աշխատանքներ: Պարբերաբար վերացվել են լուսավորության ցանցի անսարքությունները:
Նախորդ տարում կատարվել են փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգումներ 36 փողոցներում ու բակերում` ընդհանուր` 13,405 մ/ք մակերեսով։
Այդ փողոցներն ու բակերն են` Օրջոնիկիձե, Ն.Եվդոկիա, Մ.Մեխակյան, Պիոներական, Զորավար Անդրանիկ, Մատրոսով, Կույբիշեւ, Կրուպսկայա, Կարճիկյան, Վ.Սարգսյան, Սպանդարյան, Մայակովսկի, Լոմոնոսով, Մ.Մաշտոց, Կամո, Մ.Խորենացի, Բաղրամյան, Թումանյան, Շահումյան, Չարենց, Պատկանյան, Ա.Ասատրյան, Իսակով, Լիդիցե, Իսի-լե-Մուլինո, Տերյան փողոցները, ինչպես նաեւ Վազգեն Առաջին 1, 37, 38, 47, 49, 43ա, 40, 38ա, 41ա, Թումանյան թ. 2, Բաղրամյան թ.16,18, 20, 22, 24 շենքերի բակերը, Ալավերդյան, Արարտյան, Նալբանդյան, Զվարթնոց թաղամասի ճանապարհներին եւ բակային տարածքներում, ինչպես նաեւ Միչուրին, Պետրոզավոդսկ, Մ.Մաշտոց 12, 14 շենքերի բակերը:
Փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգումներ են կատարվել նաեւ Իսի-լե-Մուլինո - Կամո - Արարատյան հատվածում, Զվարթնոց թաղամասի 1, 2, 3, 4, 5, 5ա շենքերի բակերում՝ ընդհանուր 4728 մ/ք մակերեսով:
2019 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել են Էջմիածնի երկու կարեւորագույն՝ Վազգեն Առաջին եւ Վռամ Կոստանյան փողոցները, փոփոխվել են եզրաքարեր, Վ.Կոստանյան փողոցի անձրեւատարը եւ հիմնոնորոգվել են 4-րդ, 6-րդ, 8-րդ շենքերի բակեր ՝ ընդհանուր 14 564 ք/մ մակերեսով։
16 493.0 մ/ք աղացած ասֆալտով հարթեցման աշխատանքներ են կատարվել քաղաքի հողապատ փողոցներում ու բակերում՝ Չարենց թաղամասի 3, 4, 4ա, 6, 7, 9, 18, 19, 21, 23, 25, Պատկանյան 43, 51, Շահումյան 50, Կարճիկյան 1 շենքերի բակերում, Լերմոնտով - Վ. Մամիկոնյան - Իսակով խաչմերուկում:

Էջմիածնի 4 խնդրահարույց խաչմերուկներ կահավորվել են նոր` թվատախտակային լուսացույցներով` Բաղրամյան - Սպանդարյան, Խորենացի - Պատկանյան, Արարատյան - Իսի-լե-Մուլինո, Կամո - Վ.Կոստանյան:
Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել քաղաքի այգիներում: Նորոգվել ու ներկվել են քաղաքապետարանի հարակից պուրակի երկու, Զվարթնոց թաղամասի եւ Մարիանե այգիների ու Անմար Կրակ հուշահամալիրի ջրավազանները, վերագործարկվել են Չարենց թաղամասի 3 ջրավազանները:
Բոլորովին նոր տեսք է ստացել քաղաքապետարանի հարակից այգին. այն ձեւավորվել է գունավոր խճաքարերով։ Հիմնվել են գունավոր անձրեւանոցներով ու լուսային շարաններով ճեմուղիներ, որոնք էապես բարելավել են այգու արտաքին տեսքն ու գրավչություն հաղորդել։ Փոխվել է դեկորատիվ էլեկտրական սյուների լուսատուների 188 լապտեր, փոփարինվել են այգու տարածքում տեղակայված եկեղեցիների պուրակի ապակե պատվանդանների խամրած ապակիները:
Քաղաքի գլխավոր` Մ.Մաշտոց փողոցի երկայնքով, երկկողմ սիզամարգերի ծառերի արանքներում տնկվել են արեւմտյան սյունաձեւ տույաներ ու վարդագույն ծաղկող ակացիաներ, խոտածածկով լրացվել են սիզամարգերի բաց հատվածները:
Վռամ Կոստանյան ու Սպանդարյան փողոցներում կատարվել են մայթերի կանաչ գոտիների բարեկարգման աշխատանքներ. հիմնվել են սիզամարգեր:
Ամբողջ քաղաքում տեղադրվել է 67 ճանապարհային նշան, որոնք կօգնեն ավելի անվտանգ ու հարմար դարձնել ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների տեղաշարժը։

Մեր նպատակներից մեկն այնպիսի միջավայրի ստեղծումն է, որը գրավիչ ու հետաքրքիր կլինի ոչ միայն քաղաք այցելող զբոսաշրջիկների, այլ նաեւ այստեղ մշտապես բնակվող մարդկանց համար։ Այդ պատճառով 2019 թվականին քայլեր են ձեռնարկվել քաղաքի կենտրոնական հրապարակի շենքերի ու շինությունների արտաքին ճարտարապետական լուսավորության համակարգ ներդնելու ուղղությամբ եւ Ամանորին ընդառաջ ճիշտ ու գրագետ լուսավորությամբ են ապահովվել Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակին հարող շենք-շինությունները՝ Մայր Աթոռի Վազգենյան Դարպասը, «Վեոն Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող շենքը եւ հրապարակի բազմաբնակարան շենքը, ինչը, վստահաբար, նոր շունչ է հաղորդել մեր քաղաքի սրտին եւ դարձրել այն ավելի ներկայանալի:
Շարունակելով ամփոփել արվածը, ներկայացնենք Բնակարանային կոմունալ ոլորտում կատարված աշխատանքները։
2019 թվականին հիմնանորոգվել են 38 բազմաբնակարանային շենքերի տանիքներ` ընդհանուր 6268 քմ մակերեսի չափով, որից 6-ը հարթ տանիք`1300 քմ մակերոսով:
Արամ Մանուկյան 1-ին թաղամասում լուծվում է ստավցել 20 տարուց ի վեր առկա խնդիրը՝ ջրահեռացման համակարգի բացակայությունը. կառուցվել է 4500 գծամետր երկարությամբ կոյուղագիծ։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության միջոցներով եւ համայնքի 20%-ի չափով համաֆինանսավորմամբ։
Աղբահանության որակի բարձրացման համար ձեռք է բերվել 30 մեծ աղբաման, որոնք տեղադրվել են հետեւյալ 10 փողոցներում՝
1. Կամո փողոց՝ 7 հատ,
2. Վռամ Կոստանյան փողոց՝ ԱԱԾ եւ սպորտդպրոցի հարեւանությամբ՝ 3 հատ,
3. Բաղրամյան փողոց՝ թիվ 13 մանկապարտեզի հարեւանությամբ՝ 6 հատ,
4. Վազգեն Առաջին փողոց՝ թիվ 10 մանկապարտեզի աջակողմյան հատվածում՝ 5 հատ,
5. Շահումյան փողոց՝ 2 հատ,
6. Զվարթնոց կամրջի հարեւանությամբ՝ 2 հատ,
7. Արագած (փողոց)՝1շ. հարեւանությամբ՝ 1 հատ,
8. Արարատյան փողոց՝ 1 հատ,
9. Չարենց փողոցի խաչմերուկ 1 հատ,
10. Չարենց փողոց՝ թիվ 11 դպրոցի հարեւանությամբ՝ 2 հատ։

Իսկ քաղաքի փողոցների մայթեզրերի հին աղբամանները փոխարինվել են նորերով: Ընդհանուր առմամբ տեղադրվել է 252 նոր աղբաման՝ հետեւյալ փողոցներում ու այգիներում՝ Սբ. Մ.Մաշտոց, Արարատյան, Մ.Խորենացի, Սբ. Մարիանե այգի, Քաղաքապետարանի հարակից այգի, Կոմիտասի անվան հրապարակ։
Առաջիկայում Վազգեն Առաջին ու Վռամ Կոստանյան հիմնանորոգված փողոցներում եւս կտեղադրվի ընդհանուր թվով 76 աղբաման:

Մենք մշտապես աչքի առաջ ունենք նաեւ թափառող կենդանիների հիմնախնդիրը։ Փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում նաեւ այս հարցում։
Նախորդ 1 տարվա ընթացքում ստերջացվել են 100-ից ավելի շներ, ինչը ենթադրում է նաեւ թափառող կենդանու քարտեզագրում, նույնականացում ու խնամքի ապահովում: Հատկանշական է, որ Երեւանից հետո Էջմիածինն առաջին քաղաքն է, որտեղ իրականացվել է շների ստերջացման ծրագիր:

Կրթության եւ մշակույթի ոլորտ
Նախադպրոցական կրթության համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով 2019 թվականին կատարվել են մանկապարտեզների հիմնանորոգման, նորոգման ու գույքի թարմացման աշխատանքներ։
Մանկապարտեզ ընդունվող երեխաների «հերթագրում» հասկացությունը վերացնելու նպատակով՝ որդեգրվել է նոր խմբասենյակներ բացելու եւ մեծ թվով երեխաների ընդունելու սկզբունքը: Հունիս ամսին թիվ 16 «Ոստան» մանկապարտեզում բացվել է նոր խմբասենյակ՝ ընդունելով եւս 25 երեխայի։
Բարերարների հետ համագործակցության արդյունքում բոլոր նորմերին համապատասխան հաշվետու տարոմ հիմնանորոգվեց եւ դեկտեմբերին վերաբացվեց քաղաքի կենտրոնում գտնվող թիվ 13 մանկապարտեզի չշահագործվող մասնաշենքը, ինչը հնարավորություն ստեղծեց մանկապարտեզ ընդունել եւս 100 երեխայի ու կրճատել հեթերի թիվը:
Այս աշխատաոճը շարունակական է լինելու եւ ելնելով անհրաժեշտությունից, կքննարկվի նաեւ այլ մանկապարտեզներում հավելյալ խմբեր բացելու հարցը։
Հաշվետու տարում բարեկարգման աշխատանքներ կատարվել են բոլոր մանկապարտեզներում.
էջմիածնի քույր քաղաք ֆրանսիական Իսի-լե-Մուլինոյի հետ համատեղ ներդրմամբ թիվ 10 «Շուշան» մանկապարտեզում հիմնանորոգվել են սանհանգույցները, պատուհանները, տանիքն ու խոհանոցը: Խոհանոցը համալրվել է նաեւ անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով։
Օգոստոսին Վիեննայի հայ համայքի կողմից թիվ 5 մանկապարտեզին նվիրաբերվել է 96 անկողնային հավաքածու՝ բարձ, վերմակ եւ սպիտակեղեն:
Թիվ 16, թիվ 6, թիվ 5, թիվ 11, թիվ 15 մանկապարտեզները համալրվել են 65 երկհարկանի մահճակալով, ինչի արդյունքում խմբասենյակներում երեխաների ու մահճակալների թվերը հավասարվել են։ Հիմա ամեն երեխա իր առանձին մահճակալն ունի։
Թիվ 11 եւ թիվ 14 մանկապարտեզները համալրվել են 20-ական աթոռներով, բոլոր մանկապարտեզները համալրվել են երաժշտական կենտրոններով, մսաղացներով եւ, ըստ անհրաժեշտության` գազօջախով, ջեռուցման կաթսայով, ջրի պոմպով եւ այլն :
Մանկապարտեզներ հաճախող երեխաների մտածողությունն ու խոսքի ճիշտ զարգացումն ապահովելու համար անցած մեկ տարում քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները համալրվել են զարգացնող ու կառուցողական խաղերով, զանազան խաղալիքներով, հեծանիվներով, իսկ ավարտական խմբերի երեխաները ստացել են դպրոցական պայուսակներ:
Ճաշացանկում ընդգրկվել են վարսակի փաթիլներ, մանրաձավար, հավի կրծքամիս, բանան ու սեզոնային մրգեր։ Բոլոր մանկապարտեզներին տրամադրվել են մսաղացներ ու ջեռոցներ՝ երեխաների սննդակարգը բազմազան եւ համեղ դարձնելու նպատակով։
Մանկապարտեզների բոլոր աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ՝ համապատասխան մասնագետների կողմից։ Տնօրենների եւ դաստիարակների վերապատրաստումը կայացել է քաղաքապետարանի միջնորդությամբ՝ Կրթության ազգային ինստիտուտի կողմից եւ իրականացվել է Երեւանում։
Բարեկարգման աշխատանքներ կատարվել են նաեւ երաժշտական դպրոցներում:
Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի համար ձեռք են բերվել աթոռներ, կոմպոզիտորների նկարներ, վերանորոգվել է առաջին հարկի նախասրահը եւ դեպի բեմ գնացող միջանցքը: Սպ. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտականում հուլիս ամսին վերանորոգվել է նախասրահը եւ մուտքի աստիճանահարթակը:
Երկու երաժշտականներում միասին սովորում է 574 երեխա, վարձավճարի արտոնությոնից օգտվում են 50-ը:
Կոմիտասի անվան մշակույթի պալատում վերանորոգվել է բեմը, ձեռք են բերվել շերտավարագույրներ, լուսային էֆեկտներ: Միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար ձեռք են բերվել նաեւ անհրաժեշտ ռեկվիզիտներ:
Հաշվետու ժամանակահատվածում անցկացվել է շուրջ 210 միջոցառում՝ մեծամասնությունը՝ լայնամասշտաբ:
Աննախադեպ մեծ շուքով 2019-ին նշվեց Էջմիածնի տոնը, եւ մենք հստակորեն կատարեցինք մեր առջեւ դրված խնդիրը` լրացնել տոնը նորանոր միջոցառումներով, լցնել այն նոր բովանդակությամբ.
Էջմիածնի 2704-ամյակի միջոցառումները մեկնարկեցին Կոմիտասի անվան մշակույթի պալատից՝ հանդիսավոր նիստով: Տոնական նիստին ներկա Էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլ բարձրաստիճան այրեր: Չխախտելով տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթը, քաղաքի տոնին մեծարվեցին տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած, վաստակ վայելող եւ քաղաքի զարգացման գործում ավանդ ունեցող մի շարք անձինք՝ պարգեւատրվելով «Քաղաքի բարեկամ» եւ «Պատվավոր քաղաքացի» կոչումներով:
Տոնի շրջանակներում Էջմիածնի քաղաքապետարանի եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության» համագործակցությամբ առաջին անգամ կայացավ Քուֆթայի (կոլոլակի) փառատոնը: Մեծ հետաքրքրություն առաջացրած փառատոնն ուներ թվով 14 մասնակից` ռեստորաններ, հասարակական կազմակերպություններ, հանրային սննդի կետեր, անհատներ:
Անդրանիկ փառատոնի հաջողությունն այն շարունակական դարձնելու վստահություն է տվել մեզ:
Տանական միջոցառումների շարքում էին Էջմիածինցի նկարիչների կտավների ցուցահանդեսը Մշակույթի պալատի նախասրահում՝ Կոմիտասի հնչյունների ներքո, նարդու եւ շախմատի ցուցադրական խաղերը` «Անմար կրակ» հուշահամալիրում, որի ընթացքում երեխաներին անակնկալ հյուրընկալվել էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Տոնի բարձրակետ էր ավանդական շքերթը՝ ուսանողության, հոգեւոր դասի, մարզիկների, Արցախյան պատերազմի մասնակից եւ պատանի երկրապահների,ԱԻՆ փրկարար ծառայության Էջմիածնի ստորաբաժանման աշխատակիցների, Էջմիածնի զինծառայողների, քաղաքի ամենօրյա մաքրության պատասխանատուների՝ քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության աշխատակիցների, կրթական եւ մշակութային հաստատությունների կոլեկտիվների ու սաների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Էջմիածնի զարգացման գործում մենք չափազանց կարեւորում ենք քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը: Մեր կողմից նախընտրելի այս ձեւաչափով անցած տարում համատեղ իրականացվել են բարեկարգման ու զարգացման բազմաթիվ ծրագրեր:
Բարերաների հետ ակտիվ համագործակցության ու բանակցությունների շնորհիվ քաղաքում հիմնվել է 3 նոր խաղահրապարակ՝ քաղաքապետարանի հարակից այգում, Զվարթնոց թաղամասում ու Վազգեն Առաջին 5-րդ շենքի բակում: Իսկ քաղաքապետարանին հարող պուրակի նախկին՝ պլաստմասե խաղային պարագաները քաղաքապետարանի միջոցներով վերանորոգվել եւ տեղադրվել են Վազգեն Առաջին փողոցի թիվ 1 շենքի բակում:
Բարերարների հետ համագործակցությունները շարունակական բնույթ են կրելու. նախատեսված է առաջիկայում խաղահրապարակ կառուցել նաեւ Զվարթնոց գյուղ կոչվող թաղամասում:
Ներքաղաքային տրանսպորտ
Տարիներ շարունակ էջմիածինցիները արդարացիորեն բարձրացրել են քաղաքի կարեւորագույն խնդիրներից մեկը՝ ներքաղաքային տրանսպորտի բացակայությունը:
Այսօր դա այլեւս խնդիր չէ։ Իսկ լուծումը տրվել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ակտիվ համագործակցության եւ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի քաղաքապետի հետ արդյունավետ բանակցությունների շնորհիվ:
Նիցցա քաղաքի քաղաքապետ պրն. Քրիստիան Էստրոզին ցանկություն էր հայտնել Էջմիածին համայնքին նվիրել ավտոբուսներ՝ համայնքի տրասնսպորտային ցանցի զարգացմանը նպաստելու համար:
Արդյունքում՝ Էջմիածնում արդեն շահագործվում են Նիցցա քաղաքի նվիրած մեքենաները՝ կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարելով 4 ուղղությամբ:
2 մեծ ավտոբուսներ էլ տրամադրվել են Երեւանում ուսանող մեր համաքաղաքացիներին՝ որպես ուսանողական ավտոբուսներ:
Ներքաղաքային տրանսպորտի ներդրմանը զուգահեռ մասնավոր հատվածի հետ համագործակցության շրջանակներում վերջերս Էջմիածնում բացվեցին «Խելացի կանգառ»-ներ։
Կանգառը քաղաքացուն տեղեկացնում է մոտեցող ավտոբուսի համարի եւ ժամանման մասին, ունի wi-fi` անվճար ու անսահմանափակ, տեղեկատվական վահանակ զբոսաշրջիկների համար, տեղեկացնում է քաղաքի թանգարանների ու տեսարժան վայրերի մասին, առաջարկում սննդի կետեր եւ այլն: Կանգառն ունի սմարթֆոնների լիցքավորման հնարավորություն, անվտանգության համակարգ, ԱԻՆ կանչի կոճակ, բանկոմատներ, վճարային ապարատներ, աղբի տեսակավորման հնարավորություն, օդափոխության եւ ջեռուցման համակարգ:
Առաջիկայում քաղաքը կունենա 6-8 նման կանգառ: Երկուսն արդեն իրականություն է եւ ընթացքի մեջ են 3-րդ խելացի կանգառի նախագծման աշխատանքները:

Քաղաքաշինություն
Նախորդ մեկ տարին անկասկած կարելի է բնութագրել նաեւ շինարարության աճի ժամանակահատված: Մենք բավականին մեծ ներուժ ունենք, որն այս ընթացքում տարբեր պատճառներով չէր օգտագործվել: Մենք լիահույս ենք, որ շինանարարական ոլորտի աճը կարեւոր դեր կունենա տնտեսության զարգացման համար:
2019-ին տրամադրվել է 152 շին.թույլտվություն, որից 51-ը հասարակական նշանակության, 101-ը՝ բնակելի:
Միեւնույն ժամանակ, քաղաքապետարանի աշխատակիցների հետեւողական աշխատանքի շնորհիվ, դադարեցվել եւ կասեցվել են քաղաքում կատարվող թվով 41 ապօրինի շինարարություն։ Հարկ ենք համարում եւս մեկ անգամ հորդորելու քաղաքացիներին՝ զերծ մնալ ապօրինի հողազավթումից կամ ապօրինի շինարարությունից՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետեւանքներից խուսափելու համար:


Արտաքին կապեր
Արտաքին կապերի ոլորտում եւս եղել են հաջողված ու արդյունավետ համագործակցություններ:
Ապրիլի 12-ին Ֆրանսիայի Իսի լե Մուլինո քաղաքի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնում Էջմիածին եւ Իսի լե Մուլինո քաղաքների միջեւ համագործակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ։
Այդ ժամանակ 450 հյուրերի ներկայությամբ Իսի լե Մուլինոյի եւ Հայաստանի որեւէ քաղաքի պատմության մեջ առաջին անգամ երկու քաղաքների միջեւ ստորագրվեց «Smart Cities»՝ «խելացի քաղաքների» վերաբերյալ համագործակցության պայմանագիր՝ ի դեմս Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի եւ Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիի:
Պայմանագրով կողմերը պարտավորվում են մշակել Էջմիածնում խելացի քաղաքի զարգացմանը նպաստող եւ նորարարական լուծումների ընդունումը խթանող համատեղ ծրագրեր՝ պայմանագրով սահմանված եւ առաջնային համարվող ոլորտներում՝ զբոսաշրջություն, կրթություն, հանրային գործերի կառավարում, քաղաքաշինություն, տրանսպորտ:
Եվս մեկ նվեր քաղաքը ստացավ ֆրանսիական Բուշ-դու-Ռոն նահանգից՝ «Խաղաղության ծառ» հուշարձանի տեսքով:
Այն պատկերում է ձիթենու ծառ, որը նաեւ Բուշ-դյու-Ռոն նահանգի խորհրդանիշն է համարվում: Այս հուշարձանից տեղադրված է Երուսաղեմում, Բուշ-դյու-Ռոն նահանգում եւ արդեն նաեւ Էջմիածնում: Բացմանը ներկա էր Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի եւ Էքս-Մարսել մետրոպոլի նախագահ տիկին Մարտին-ժիլ Վասալը:
Մեր քաղաքի տոնի շրջանակներում յուրօրինակ նվեր է մատուցել Էջմիածնի քույր քաղաք Պետրոզավոդսկը՝ իր փողոցներից մեկն անվանակոչելով «Էջմիածին»։
Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել արտաքին կապերը, համագործակցային հարաբերություններ հաստատել Չինաստանի ու Կանադայի քաղաքների հետ:

Սպորտ
Էջմիածնի համայնքապետարանի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ-ում գործում են հունա-հռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, ֆուտբոլ, ծանրամարտ, եռամարտ, վոլեյբոլ, աթլետիկա, մարմնամարզություն, շախմատ , մարտեր առանց կանոնների , բռնցքամարտ մարզաձեւերի խմբեր: 33 մարզախմբերում ընդգրկված են 473 պատանիներ եւ աղջիկներ: Մարզադպրոցի մարզիկների հետ աշխատում են 24 մարզիչ-մանկավարժներ. նրանցից 5-ը հանրապետության վաստակավոր մարզիչներ են, իսկ 5-ը Սպորտի վարպետներ:
Մարզադպրոցի մարզումներն անվճար են, ֆինանսավորումը իրականացվում է համայնաքապետարանի բյուջեից:
Հաշվետու տարվա ընթացքում Էջմիածինը ներկայացնող տաբեր տարիքային խմբերի մարզիկներ հաղթողներ եւ մրցանակակիրներ են դարձել ինչպես Հանրապետական կարգի, այնպես էլ` միջազգային մրցաշարերում, այդ թվում՝ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ:
Լավագույն մարզիկները եւ մարզիչները քաղաքապետի կողմից արժանացել են պատվոգրերի եւ դրամական պարգեւների:
Անցկացվել են նաեւ մի շարք մասսայական միջոցառումներ, որոնցից հիշատակման են արժանի՝
• Մայիսյան տոներին նվիրված հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի մրցումներ,
• Համայնաքապետարանին ենթակա մանկապարտեզների միջեւ սպորտ նախարարության հետ համատեղ անցկացված սսպորլանիա
• Վոլեյբոլի ֆեդերացիաի կեղմից անցկացված «Վոլեյբոլը դպրոցում» մարզական փառատոն
• «Ազգային մարզական խաղեր» հանրապետական տոնահանդես
• Էջմիածին քաղաքի 2704-ամյակին նվիրված սպորտային մարմնամարզության բաց առաջնություն
• Էջմիածին քաղաքի 2704-ամյակին նվիրված շախմատի բաց առաջնություն
• Լեւոն Շաղոյանի հիշատակին նվիրված հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի՝ 2007-2009թթ. ծնված դպրոցականների բաց առաջնություն
• Դպրոցականների 2019թ.-ի վոլեյբոլի բաց առաջնություն
• Վոլեյբոլի ֆեդերացիաի հետ համատեղ անց է կացվել Պերճ Խաչատրյանին նվիրված հուշամրցաշար
• 1988 թ.ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշար
Հաշվետու ժամանակահատվածում մարզադպրոցի համար ձեռք են բերվել տնտեսական, բժշկական, գրասենյակային ապրանքներ եւ մարզագույք: Մարզադպրոցը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից նվեր է ստացել ծանրաձող՝ 2 հատ, կշռաքար (գիր)՝ 9 հատ, մագլցման պարան՝ 3 հատ, Շվեդական պատ՝ 3 հատ: Վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից՝ վոլեյբոլի պրոֆեսիոնալ գնդակներ՝ 10 հատ, վոլեյբոլի ցանց՝ 1 հատ, վոլեյբոլի գնդակների ցանց՝1 հատ: Մարզադպրոցի շենքի ջեռուցման համակարգի ջրամատակարարման բարելավման համար ձեռք է բերվել ինովացիոն համակարգով ջրի պոմպ: Նորով է փոխարինվել ըմբշամարտի մարզադահլիճի մուտքի դուռը:
Այլ ոլորտներ
Հաշվետու տարվա ընթացքում հստակորեն աշխատել են քաղաքապետարանի բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները:
Քաղաքապետարանի աշխատակիցներին եւ սոցիալապես անապահով էջմիածինցիներին քաղաքապետարանի մասնագետները ցուցաբերել են անվճար իրավաբանական աջակցություն, խորհրդատվություն։ www.ejmiatsin.am կայքի նաեւ ֆեյսբուքյան էջի միջոցով հստակ աշխատել է էջմիածնեցու հետ հետադարձ կապը՝ արագ արձագանք ապահովելով առցանց տարբերակով քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերին:
Հաշվետու տարվա ընթացքում շարունակել ենք նաեւ քաղաքապետարանի աշխատակազմը համալրել առավել արհեստավարժ կադրերով, շարունակաբար ջանքեր ենք թափել աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ։
Քաղաքապետարանի գործունեությունը դրական գնահատականի է արժանացել նաեւ պետական, հասարակական տարբեր կառույցների կողմից։ Մասնավորապես՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանի համայքների միության կողմից Էջմիածինը ճանաչվել է 2019 թվականի «նորարար եւ խելացի» համայնք:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: